Գ.Ասատուրից[1] սկսած սայաթնովագիտության մեջ լայն տարածում է գտել այն կարծիքը, թե իբր Սայաթ-Նովայի սիրո օբյեկտն է եղել Հերակլ Երկրորդի քույր, իշխան Դեմետրե Օրբելիանու կին, արքայադուստր Աննա Բատոնիշվիլին: Պատմական հավաստի փաստեր չունենալով, այս կարծիքն ընդունող գիտնականները ելնում են այն թեզից, թե իբր Բանաստեղծը իր որոշ խաղերում ծածկագրել է «Աննա» անունը: Հիշատակվում են մի քանի խաղ, որոնցից առաջինը «Յիս կանչում իմ լալանին» ռուբայի-բայաթի-թասլիբն է (տես հայերեն 47-րդ խաղը եւ դրա գրական տարբերակը):
Խաղի բայաթի տների «լալանի», «եարանի», «մերանի», «զայանի» եւ «մասանի» բառերը վերծանվել են համապատասխանաբար «լալ Աննա», «յար Աննա», «մայր Աննա», «քաղցր Աննա», եւ «մաս (նշխարք) Աննա»: Այնինչ, դրանք վրացերեն բառերի հնչողությանը նմանակած, բանաստեղծի կողմից հորինված բառեր են: Ի դեպ, այդպիսիք են նաեւ հայերեն 3-րդ խաղում օգտագործված «Տերիվակալ», «արիվակալ», «բարիվակալ», «օրիվակալ» բառերը: Նշենք, որ այդպիսի հոլովմամբ բարբառային բառեր օգտագործվում էին ոչ միայն Թիֆլիսում, այլեւ Երեւանում եւ այն էլ` ոչ հեռավոր անցյալում: Մինչեւ 1960-ական թվականները երեւանաբնակ «ստիլյագների» ժարգոնում կային այսպիսի արտահայտություններ. «Գնում եմ յարանիս մայլա» («Գնում եմ յարիս թաղ»), «քիրանս եկավ» (քույրս եկավ), «մերանիս ցավը տանեմ» («մորս ցավը տանեմ) եւ այլն: Ենթադրել, թե դրանց բոլորի յարերի, քույրերի եւ մայրերի անունները Աննա է եղել` զավեշտական է: Ասածս կարող է հաստատել 50-ից բարձր տարիք ունեցող ցանկացած երեւանցի:
Նույն խաղի երրորդ բայաթի տան երկրորդ տողը` «Նու ու Այիբ Զայանին» մեկնաբանվում է որպես «Նովա ու Աննա Զայ անեն» (կորստյան մատնեն), որ ընդունելի չէ: Բառերի առաջին տառերը միացնելիս ստացվում է «ՆԱԶԱՆԻՆ» (Նազելիին): Ի դեպ, այդ կարծիքին է նաեւ Ն. Աղբալյանը:[2] Հինգերրորդ բայաթի տան երկրորդ «Սե ու Այբ Մասանին» համապատասխանաբար վերծանվել է «Սայաթ ու Աննա բաժանեն», որ նույնպես ընդունելի չէ: Այստեղ ծածկագրված է «Սաման» բառը, որ արաբերեն գանձ, արժեքավոր իր է նշանակում, իսկ պարսկերեն խոհեմ, նաեւ` ծիածան:
Այս բոլոր մակդիրները համապատասխանում են խաղի տրամաբանությանը:
Երկրորդ հայերեն խաղը, որտեղ իբր ծածկագրված է «Աննա» անունը «Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի»-ն է (տես հայերեն #57 խաղը եւ դրա գրականացված տարբերակը):
Խաղի`
«Ջըրհիղեն Նու, Այիբ
Վուր փըրկըվեց Նու Այիբ.
Նոյին գեմին ազատից
Ինձ Այիբն ու Նուայիբ»
տունը վերծանում են այսպես`
Ջրհեղեղից Նոյան,
Որ ազատվեց Նա,
Նոյին նավը ազատեց,
Ինձ` Աննան:
Հարց է առաջանում, այսպիսի ճապաղ բովանդակությամբ, մեկ այլ խաղ ունի՞ արդյոք մեծ Բանաստեղծը, ի՞նչ կապ ունի Աննան ջրհեղեղի հետ եւ ինչի՞ց, ե՞րբ եւ ո՞րտեղ է ազատել դժբախտ Սիրահարին: Քառյակի մեր վերծանությունն է.
Ջրհեղեղից Նուր[3] Աշխարհ,
Որ փրկվեց Նոյն Արդար,
Նոյին նավը ազատեց,
Ինձ Աստվածն ու փոխարքան:
Ե՛վ իսկապես: Բանաստեղծը իր շատ խաղերում է Այբ (Այիբ) տառով նշել Աստծուն (տես օր. հայերեն # 54 խաղը), իսկ բնագրի Նուայիբը - Նաիբ բառն է (պրսկ.), որ արքայազն կամ փոխարքա է նշանակում: Եվ իրոք, չէ որ թե՛ հայերեն, եւ թե՛ վրացերեն խաղերում Բանաստեղծը նշում է, որ «Թանգ հախով գնված չըրաղ է» (տես հայերեն #5 խաղը) եւ կամ «Թանգ իմ առած. քու ահագին ծախսերով»:[4] Իսկ փրկագնողն ու ազատողը վրաց Հերակլ Երկրորդ թագավորն էր, որ այդ ժամանակ արքայազն (նաիբ) է եղել:
Ինչպես տեսնում ենք, այս խաղում ե՛ւս որեւէ Աննայի մասին խոսք չկա՛ եւ չի՛ կարող լինել:
Հաջորդ խաղը, որում եւս «Աննա» են փնտրում մեր աննայասեր գիտնականները, վրացերեն «Քեզ հետ նրա համար եմ խոսում» խաղն է[5], որի բնագիրը սա է.
Սաիաթ-Նովա ղմաա շենի,
Սախիթա խար մթվարե-մզենի,
Սախելի մաքվս «Սանի» «Թենի»,
«Վինիս» բոլոս «Անի» վնախե:
Խաղը թարգմանաբար հնչում է այսպես.
Սայաթ-Նովեն քի ղուլ դառնա,
Սուրաթդ լուսնակից լավն ա,
Անունս Սե ու Թո տառն ա,
Վը-ի վիրչումն Անի-ն տեսա:[6]
Խաղի մեկնաբանման մասին Հ.Բախչինյանը գրում է. «19-րդ տողի Ս-ն եւ Թ-ն Սայաթ անվան առաջին եւ վերջին տառերն են, իսկ 20-րդ տողի Վ-ն եւ Ա-ն` Նովա անվան վերջին երկու տառերը: Մեր կարծիքով, այդ տողն ունի նաեւ այլ` ծածկագիր իմաստ: Երգիչը ծածկագրելով իր աշուղական անունը, միաժամանակ ծածկագրաբար ասել է, որ տեսել է Անի-Աննային : Մեր երգչի նպատակն է եղել իրար կողքի դնել իր եւ սիրուհու անունները, ինչպես երկու անգամ արել է հայերեն 47-րդ խաղում»:[7]
Թե ի՞նչ «աննաներ» ու «սայաթներ» կային հայերեն 47-րդ խաղում` մենք տեսանք վերը: Հիմա` հարց է առաջանում` ինչպե՞ս պատահեց, որ խնդրո առարկա քառյակի առաջին տողում Բանաստեղծը նշում է իր լրիվ անունը, իսկ երրորդ տողում հանկարծ որոշում է ծածկագրել այն եւ դեռ «Աննա» անուն էլ հետը: Խաղի վերջին Անի-ն վրացերեն Ա տառի անունն է (ինչպես հայերենինը` Այբը): Բնագրի «Սանի, թենի, վինիս, անի» տառերը միացնելիս ստացվում է վրացերեն «Սաթվիսա» բառը, որ նշանակում է «համար» (համեմատել վրացերեն #13 խաղի հետ):[8] Այդ դեպքում քառյակի իմաստն է`
Սայաթ-Նովան քո ճորտն է,
Պատկերդ լուսնյակից լավն է,
Անունս քեզ համար է (քեզ մատաղ):
Ի դեպ «Աննայի» վարկածն անվերապահորեն ընդունող այնպիսի գիտնական, ինչպիսին Մ. Հասրաթյանն էր, հիշյալ խաղի մասին գրում է «...Հազիվ թե կարելի լինի այստեղ եւս Անի-Աննա որոնել»:[9]
Ասենք նաեւ, որ խնդրո առարկա խաղում, ինչպես նաեւ հայերեն #38 խաղում, Բանաստեղծը գովում է իր կնոջն ու իր զավակներին: Համեմատության համար`
«Քու զաթըն քու նման կ’ուլի, կըշտիտ ունիս օսկե բարուր,
Բալքա մէկէլ. դէդէն բերե` նըման բարեբա՛րիդ էրնեկ»
(հայերեն #38 խաղ)
«Հուրի-փերին մեջը պառկած
Ոսկե օրորանըն տեսա»
(վրաց. #7խաղ[10]) ...
Այլապես տարօրինակ կլիներ, որ նա գովեր ինչ-որ վրացու զավակի, եւ դեռ ցանկար, որ սիրած կինը իր ախոյանից էլի զավակ ունենար:
«Թամամ աշխարհ պըտուտ էկայ» խաղում մեր գիտնական այրերի «աննայասիրությունը» հասնում է զավեշտի: Խաղի բովանդակությունից պարզ երեւում է, որ այն ձոնված է մի չամուսնացած աղջկա, օրիորդի («է՛րնեկ քու առնողին ըլի», «Ով կու գըթնէ ա՛խ չի քաշի»): Եթե, ինչպես պնդում են, «նազանի» բառում ծածկագրված է Աննա անունը, ասենք միայն, որ խաղը գրելու տարում (1758) Աննան եղել է 36 տարեկան եւ վաղուց ամուսնացած:
Մեր կարծիքով Աննա Բատոնիշվիլու եւ Սայաթ-Նովայի փոխադարձ սիրո առասպելը ունի երկու դրդապատճառ: Առաջինը` ծագումով մեծամասամբ թիֆլիսահայ սայաթնովագետերի համար սա ազգային սնապարծությունը բավարարելու միջոց է եղել (մեր կիսաճորտ (գլեխի) աշուղը սիրավեպ է ունեցել վրաց արքայադստեր հետ, բա՛ս): Երկրորդ պատճառը ավելի խորքային է եւ առընչվել է տիրող բոլշեւիկյան գաղափարախոսությանը: «Աղքատը սիրեց արքայադստերը» մշտնջենական հեքիաթը թելադրված եւ մեծ Բանաստեղծի գլխին է կապված այդ գաղափարախոսությամբ, ցույց տալու համար, թե որքան գաղջ ու հոտած էր միջնադարյան ֆեոդալական հասարակարգը եւ որքան լուսավոր ու առաջամիտ է սոցիալիստականը: Փառք Ա՛ստծո, այդ ժամանակները անդառնալի անցած են:
Հասկանում ենք, որ ընդունված ստերեոտիպերը ջարդելը շնորհակալ գործ չէ, այնուամենայնիվ գտնում ենք, որ հայագիտության այնպիսի կարեւորագույն բնագավառ` ինչպիսին է սայաթնովագիտությունը, պետք է օր առաջ ազատել չհիմնավորված եւ փուչ փաստարկներից:
Գի՛տեմ, որ հոդվածս փոթորիկ կառաջացնի մեր գիտնական այրերի շրջանում, ուստի խնդրում եմ նրանց պատասխանել ինձ տանջող հետեւյալ հարցերին.
ա) Ինչպե՞ս պատահեց, որ Գ. Ախվերդյանի, Սկանդար-Նովայի եւ այլոց կողմից հարցուփորձ արված, Բանաստեղծին հիշող ծերերից ոչ մեկը չտվեց Աննա անունը: Դրանցից մեկը հիշել է միայն, որ կար Տալիթա անունով աղջիկ, ում Սայաթ-Նովան խաղեր էր նվիրում: Եթե սիրավեպ եղած լիներ Աննայի եւ Սայաթ-Նովայի մեջ, մի բան, ինչը թաքցնելն անհնարին է, ինչո՞ւ Թիֆլիսի պես մուցիկուլիաշատ եւ բամբասասեր քաղաքում որեւէ մեկը չհիշեց այդ մասին: Չէ որ նման բաները երբեք չեն մոռացվում:
բ) Վերը հիշատակված Տալիթա (Դալիդա) անունը լիովին կարող է հունական լինել: Թուրքերեն խաղերից մեկում Բանաստեղծը գրում է. «Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու էք ռումի» (Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ դիվադադար արեց):[11] Ինչո՞ւ եք «ռումի» բառը, որ «հույն-հելլենուհի» է նշանակում, թարգմանում «գեղեցկուհի»:
գ) Վրաց Հերակլ Երկրորդ թագավորը մեր ճորտ աշուղին աննախադեպ պատվի արժանացրեց, բարձրացնելով նրան պալատական երաժշտի աստիճանի եւ որոշ վարկածներով` նաեւ շնորհելով դեսպանորդի տիտղոս: Ըստ ձե՛ր վարկածի, մեր աշուղը, ի նշան շնորհակալության աչք է գցում նրա ամուսնացած քրոջը, որ չլսված վիրավորանք է ցանկացած արեւելցու եւ ամոթալի` այդ արարքը կատարողի համար:
Ինչո՞ւ եք հանուն ինչ-որ օտարամուտ գաղափարախոսության խաղում մեր բարեպաշտ եւ խորապես բարոյական Բանաստեղծի բարի անվան եւ հիշատակի հետ:
դ) Եթե` ինչպես դուք եք պնդում, Սայաթ-Նովան արքունիքից վտարվել է Աննայի հետ կապված սիրավեպի պատճառով (մի բան, որ խորապես վիրավորական կլիներ բարձրաստիճան ընտանիքի համար ու չներվող), ինչո՞ւ վրաց Թեյմուրազ արքայազնը ոչ միայն շարունակում է հովանավորել Բանաստեղծի ժառանգին` Օհանին, այլեւ ս.Պետերբուրգում պատվիրում է նրան գրել Սայաթ-Նովայի հայերեն, թուրքերեն եւ վրացերեն խաղերի ժողովածու, որը եւ վերջինս սիրով կատարում է:[12]
Թե կարող ե՛ք, փարատեք կասկածներս:
P.S. Սայաթ-Նովայի խաղերի` Վ.Բրյուսովի կատարած թարգմանությունների առթիվ Հ.Թումանյանը գրում է. «...Չգիտեմ, ո՞վ է տեղեկություններ տվել պ. Բրյուսովին, թե Սայաթ-Նովեն սիրահարված է եղել վրաց թագավորի աղջկա վրա, որ էդ բանը նա հայտնում է թե՛ գրքի առաջաբանում, եւ թե՛ Սայաթ-Նովայի կենսագրության մեջ: Ճիշտ է, ժամանակի բանաստեղծներից մինը եղել է, որ սիրահարվել է վրաց թագավորի աղջկա վրա, բայց դա եղել է ոչ թե Սայաթ-Նովեն, այլ նրա ժամանակակից Բեսարիոն Գաբաշվիլին (Բեյսիկո), որը դրա համար հալածվել եւ բանտարկվել է»:[13]
Իշխան Ստեփանյան
Երեւան, 17 մարտի 2006թ |
|
|