Աջաբ քանի ժամանակ է :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
38. 38.
բնագիր
 
թարգմանություն

Աջաբ քա~նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ.
Վո՛ւնց ուտիլ գուզէ, վո՛ւնց խըմիլ` մօդըդ նըստող եա՛րիդ էրնէկ.
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, փաթութ սուսանբա՛րիդ էրնէկ.
Բըլբուլին լալով ման կ’օծիս գիշիր-ցերեկ` խա՛րիդ էրնէկ:

Հուտըդ աշխարհըս բըռնիլ է, բերնումդ ունիս զանջափիլըն.
Կանց քիզ լաւ հուտ չի ունենայ Հընդու էկած ղարանփիլըն.
Գիշիր-ցերեկ զուգսիդ մէջն իս, ձեռիդ ունիս /հուտով հիլըն/.
Դիբչում է ալ պըռօշնիրուդ. ո՛ւնքիդ, սամանդա՛րիդ էրնէկ:

Շատըն հասրաթէդ կու միռնի, սըրտումըն կ’ունենայ զարուր.
Ով չէ տեսնի` մէ՛կ ա~խ կ’օնէ, ով կու տեսնէ` հազար հարուր.
Քու զաթըն քու նըման կուլի, կըշտիդ ունիս օսկէ բարուր.
Բալքա մէկէլ դէդէն բէրէ` նըման բարէբա՛րիդ էրնէկ:

Մէ նաղշըդ Արաբ անցկացաւ, մէ նաղշըդ Հընդըստան գընաց,
Մէ նաղշըդ Ղրիմ անցկացաւ, մէ նաղշըդ Դաղըստան գընաց,
Մէ նաղշըդ ՈՒրումէլ կացաւ, մէկըն Փըռանգըստան գընաց.
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է` թահա՛րիդ էրնէկ:

Արի նըստի՛, Սայա՛թ-Նովա, խօ՛սքըդ ասա լամզ ու բասով.
Սազին խիլքըդ չըտա՛նուլ տաս էդ խիալով, էդ հավասով.
Ձեռիդ բըռնածըն բըրօլ է. ա՛ծա, խըմի՛նք օսկէ թասով.
Շատ աջայիբ մէհմանդար իս, սուփրի սազանդա՛րիդ էրնէկ:

 

Արդյոք որքա՞ն ժամանակ է, ա~խ, գիտենամ տարիդ, ե՛րնեկ,
Ո ՛չ ուտել կուզի, ոչ խմել` մոտդ նստող յարի՛դ երնեկ,
Բացվել ես կարմիր վարդի պես, փնջա՛ծ սուսամբարիդ երնեկ,
Բլբուլին լացով ման կտաս գիշեր-ցերեկ, խա՛րիդ* երնեկ:

Հոտդ աշխարհը բռնել է, բերանումդ իմբիր ունես,
Հնդու մեխակից առավել չնաշխարհիկ բուրմունք ունես,
Գիշեր-ցերեկ զուգսիդ մեջը, ձեռքիդ հոտավետ հիլ ունես,
Դիպչում է ալ շրթունքներիդ, հոնքիդ, ծով աչքե՛րիդ երնեկ:

Շատ մարդ կարոտից կմեռնի սրտում ունի տենչը ամուր,
Ով չի տեսել` մե՛կ ա~խ կանի, ով կտեսնի` հազար հարյուր,
Զավակդ քո նման կլինի` կողքիդ ունես ոսկե բարուր**,
Գուցե մեկ էլ մայրդ ծնի` նման հավա՛սարիդ երնեկ:

Մի նախշդ Արաբ անցկացավ, մի նախշդ Հնդկաստան գնաց,
Մի նախշդ Ղրիմ անցկացավ, մի նախշդ Դաղստան գնաց,
Մի նախշդ Հունաստան անցավ, մեկն էլ Ֆռանգստան գնաց,
Ով քո պատկերը տեսնում է, ասում է` կերպա՛րիդ երնեկ:

Արի նստի՛, Սայաթ-Նովա, խոսքդ ասա համ ու հոտով,
Սազին խելքդ տանուլ չտաս էդ մտքով ու էդ հակումով,
Ձեռքիդ բռնածը թանկ շիշ է, լցրու խմենք ոսկե թասով,
Շատ աննման հյուրընկալ ես, սուփրի սազանդա՛րիդ*** երնեկ:

Էսպէս Արութինի ասած. քրոնիկոնի 443-ին / 1755/:   * Խար - փուշ կամ վարդի վնասատու միջատ
** Խաղից պարզ երեւում է, որ Բանաստեղծը գովում է իր կնոջը եւ առաջնեկ որդուն` Մելիքսեթին: Այլապես տարօրինակ կլիներ ինչոր վրացու զավակ գովել եւ դեռ ցանկալ, որ սիրած կինը էլի զավակ ունենար իր ախոյանից: (Ի.Ս.)
*** Սազանդար - երաժիշտ, սազ նվագող:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.