Հընդու քաղաքէմէն հանած ջավահիր :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
51. 51.
բնագիր
 
թարգմանություն

Հընդու քաղաքէմէն հանած ջավա՛հիր, լա՛լ արմանալու,
Ինչի դիբչիս, նա՛ղաշ կ'օնիս, օսկէ փա՛րգալ արմանալու,
Ամէն մարդ չի կանայ ճանգի շահով շըքար արմանալու.
Մարդ հիդըդ չի կանայ խօսի, Ռօստօմի-Զա՛լ արմանալու:

Շիմշատի ծառ` բըհամ էկած, շէնքըդ տաշիլըն ի՞նչ կ'օնէ.
Էրանի է քու տիրուջըն. եադին եաշիլըն ի՞նչ կ'օնէ.
Էրեսըդ խաս ա` մուրասա. ղալամ քաշիլըն ի՞նչ կ'օնէ.
Կա՛րմիր ու կանա՛նչ ու ճերմա՛կ, սարի՛սար, ա՛լ արմանալու:

Դուն հիշտ ղիմիշ անիլու չիս, ճըրագ վառած, դըժար ճարած.
Ովոր էրեսըդ կու տեսնէ, խիլքըն կու դառնայ շըվարած.
Անգին եաղութ, անգին ալմաս` բոլորքըդ ջավահիր շարած,
Սկանդարի-Զուլղարի թուղած ջընաղ հէ՛քալ արմանալու:

Համաշա սէյրան իս անում, վարդ ու մանուշակ քաղում իս,
Շո՛ւշա, բըրօլէ գուլա՛բդան` բերնէդ վարդաջուր մաղում իս,
Թագաւուրի թաջի ջի՛ղա, օսկէ թիլըդ շաղմաղում իս.
Վուրսնուրդի ձեռնէմէն փախած ջէ՛յրան, մա՛րալ արմանալու:

Եա՛ր, քիզանից հիռանալըս միռնիլուս վըրայ դըժար ա.
Էշխէմէդ Մէջլում իմ դառի. ի՞նչպէս անիմ ինձի չարա.
Աւելի չէ, Սայաթ-Նովէն քիզի ծառայ ու նօքար ա.
Նըրանից ձեռըդ քաշիլըն` շատ ա էդ ա՛լ արմանալու:

 

Հնդկական քաղաքից հանած ադա՛մանդ, լա՛լ զարմանալի,
Ինչի դիպչես` կզարդարես, ոսկե կա՛րկին զարմանալի,
Ամեն մարդ չի կարող ճանկել շահաբեր գանձ զարանալի,
Մարդ հետդ չի կարող խոսել, Ռոստոմի-Զա՛լ զարմանալի:

Սամշիտի ծա՛ռ` փարթամ աճած, բունդ տաշելը ի՞նչ կանի.
Երանի տամ քո տիրոջը, այլոց աշելը ի՞նչ կանի.
Երեսդ` նախշազարդ դիպակ, վրձին քաշելը ի՞նչ կանի,
Կարմիր ու կանաչ ու ճերմակ, ոսկենախշ, ա՛լ զարմանալի:

Դյուրին չէ քեզ զոհաբերել. ճրագ վառած, դժվար ճարած,
Ով որ երեսդ կտեսնի, խելքը կդառնա շվարած,
Անգին հակինթ, անգին ա՛լմաս` բոլորքդ շողակն շարած,
Ալեքսանդր Մեծի թողած գեղաքա՛նդակ զարմանալի:

Շարունակ զբոսանք ես անում, վարդ ու մանուշակ ես քաղում,
Բյուրեղապակյա դու սրվա՛կ` շուրթդ վարդաջուր է մաղում,
Թագավորի թագի փե՛տուր, ոսկեթելըդ է շողշողում,
Որսկանի ձեռքից փախս տված մա՛րալ, ե՛ղնիկ զարմանալի:

Յա~ր, քեզանից հեռանալս, մահից ավելի է դժվար,
Սիրուցդ Մեջլում եմ դարձել, էլ ես ինչպե՞ս ինձ անեմ ճար,
Ավելի չէ, Սայաթ-Նովեն քեզ համար ճորտ է ու նոքար,
Նրանից քո ձեռ քաշելը` շատ է դա է՛լ զարմանալի:

  * Այս խաղում բանաստեղծը օգտագործել է իր համար հոգեհարազատ Լոռու բարբառը: Թիֆլիսեցին չէր ասի «դժվար ա», «նոքար ա», այլ «դժվար է», «նոքար է»: Հետաքրքիր է վերջին տողում «շատ ա էդ ալ ...» ալ-արևմտահայերեն մասնիկի օգտագործում ը, որը հավանաբար լսել է հորից: Ինչպես Ա. Ղարիբյանն է ճիշտ նկատել, Սայաթ-Նովան խախտում է Թիֆլիսի բարբառի օրենքները իր արվեստը կատարյալ դարձնելու նպատակով (տես «Սայաթ-Նովա» գիտ. աշխ. ժողովածու, Երևան, 1963, էջ 68):
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.