Խաբար գընաց բըլբուլի մօդ :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
52. 52.
բնագիր
 
թարգմանություն

Խաբար գընաց բըլբուլի մօդ. «Վարդըն քու գալուն մընում է,
Ճըղքընիրըն բացրացիլ է, վըրէն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պէս քաղցըր ձէն տալուն մընում է»:
Բըլբուլն ասաց. «Չիմ կանայ գայ, պուճպուճէս լալուն մընում է»:

Վարդըն ասաց. «Իմ բըլբուլին ալ պուճպուճէն վո՞ւնց կու խաբէ.
Թէ խիլք ունիս, ղա՛րիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճանփէն չա՛փէ:
Քանի գ'ուզէ քընած տիղըն իր թըշնամին կուռըն կապէ,
Էլի վիրջումըն մէյդանըն Ռօստօմի-Զալուն մընում է»:

.........................................................................................................

Վարդըն ասաց. «Խա՛յին բըլբուլ, նա՛լաթ էդ քու էյթիբարին,
Անցկացաւ ապրիլ, մայիսըն, մէկ օր չըհարցըրիր եարին:
Չէթուղ թէ մուրազին հասնին, տե՛ս ի՞նչ արաւ քավթար ղարին.
Փահրադին քըլունգն ըսպանից, Շիրին` խանջալուն մընում է»:

Աշխարհումըս վարդն է էլի բըլբուլնիրու սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում՛ «Տէ~ր, պա՛հէ վարդի նըմանըն»:
Աշխարհումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովու գերեզմանըն
Շահ-Աբասի Լալի նըման, շահի` վրէն գալուն մընում է:

 

Լուրը գնաց բլբուլի մոտ. «Վարդը քո գալուն է մնում,
Սաղարթները բարձրացել են, շուրջը շուռ գալուն է մնում,
Վաղորդյան զանգակի նման, քաղցր ձայն տալուն է մնում»:
Բլբուլն ասաց. «Չեմ կարող գալ, կակաչս լալով է մնում»:

Վարդը ասաց. «Իմ բլբուլին ալ կակաչը ո՞նց կխաբի,
Թե խելք ունես, թշվա՛ռ բլբուլ, էլի այգուդ ճամփեն չա՛փի,
Որքան էլ որ քնած տեղը իր թշնամին ձեռքը կապի,
Վերջում դարձյալ մարտադաշտը Ռոստոմի-Զալին է* մնում»:

......................................................................................................

Վարդը ասաց. «Ա՛յ նենգ բլբուլ, անե՛ծք անհաստատ քո վարքին,
Անցկացավ ապրիլ, մայիսը, մի օր չհարցրիր յարին:
Չթողեց մուրազին հասնեն, տես ի՞նչ արեց ջադու-ղարին**.
Ֆահրադին*** քլունգն սպանեց, Շիրին` քեզ դաշույնն է մնում»:

Աշխարհումս վարդն է դարձյալ բլբուլների սիրեկանը,
Բլբուլի լեզվով եմ ասում «Տե՛ր, պահի վարդի նմանը»:
Աշխարհումս քանի ողջ ես, Սայաթ-Նովու գերեզմանը
Շահ-Աբասի Լալի**** նման, շահի այց գալուն է մնում:

«Սա մի մուխամբազ է. Սայաթ-Նովէն կարծեց, որ ղաենը պիտի նրա գերեզմանի վրա գա մեծ ժխորով, որպիսի նրան մաս-մաս անի: Հապա ո՞վ կարող էր ուժ բանեցնել: Երևակայեցեք այդպիսի տղամարդու մահը» /Օհանի վրացերեն ծանուցումը` Լ. Մելիքսեթ-Բեկի թարգմանությամբ/: Միտքն անհասկանալի է /Ի. Ս./:   * Ռոստոմ-Զալ - Ֆիրդուսու հայտնի հերոսը:
** Ղար - Վհուկ կին այդ սիրավեպում, որի հաղորդած կեղծ լուրի պատճառով ֆահրադը ինքնասպան եղավ իր աշխատանքային գործիքով` քլունգով:
*** Ֆահրադ-Շիրին - արևելյան սիրավեպի հերոսներ:
**** Լալա - Շահ-Աբասի հայազգի պալատական, հավատարիմ ծառայի տիպար: Վերջին տողը տարաբնույթ մեկնաբանություններ ունի:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.