Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարհից` հիզնից բէդամաղ.
Քանի գ'ուզէ մարդ վուր հարբի, վո՞ւնց կու'լի վազնից բէդամաղ.
Եա՛ր, յիս քիզ ի՞նչ գէթ իմ արի. նըստած իս միզնից բէդամաղ.
Քամեցիր էշխիդ մանգանով. յի՛ս պիտիմ քիզնից բէդամաղ:
Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշք ու միտքըս դուն իս տարի, ձեռիս մէջըն բան չէ մըտի.
Հէնց գիդիմ, թէ չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի,
Ռախտարի նըման նըստած իմ` իջարից, միզնից բէդամաղ:
Հալբաթ սէրըն կէս է ըլի, վուր միզի ատիլ է ուզում.
Չուրս տարեկան էրեխի պէս եարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն` սիրտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարդ կայ նըստած լաց'լիլիս, գօզալի նազնից բէդամաղ:
Թէգուզ իմա՛ցի, կարդա՛ցի իմաստնասիրաց առակըն.
Էշխէմէդ ջունուն իմ էլի, վիր էկաւ սըրտիս վարակըն.
Ա՛ստուաձ վըկայ, մարդ չըքա՛շէ` դըժար է էշխի կըրակըն.
Տեսայ արունուտ ջէյրանըն` վուրսնուրդի նիզնից բէդամաղ:
Անցկացաւ աշունքվայ վախտըն, սալբիքըն խաղալ է ուզում.
Հասաւ գարունքվան հուսանըն` բըլբուլըն էլ գալ է ուզում.
Սայաթ-Նովէն առանց նընգիր` ճիդըն գըցած լալ է ուզում.
Ջառ կորցըրած խօնթքարի պէս նըստած է խազնից բէդամաղ:
|
|
Արդյոք քո սիրտը ո՞վ ստեղծեց` խոնհարվեց` հենակից դժգոհ,
Ինչքան էլ որ մարդը հարբի, ո՞նց կլինի վազից դժգոհ,
Յա~ր, քո դեմ ի՞նչ մեղք եմ գործել, որ նստած ես մեզնից դժգոհ,
Քամեցիր սիրուդ մամլիչով, ե՛ս պիտ լինեմ քեզնից դժգոհ:
Ինչ քեզանից հեռացել եմ, իմ մարմնի մեջ շունչ չի մտել.
Ուշք ու միտքս դու էս տարել, ձեռքս էլ ոչինչ չի գտել.
Կարծում եմ, թե չորս տարի է, Քաղաքը* քարվան չի մտել,
Մաքսավորի պես նստած եմ` տուրքից ու կշեռքից դժգոհ:
Գուցե սերը կես է եղել, որ նա մեզ ատել է ուզում.
Չորս տարեկան մանուկի պես յարս խրատել է ուզում,
Բռնել է սիրո դանակը` սիրտս կտրատել է ուզում,
Շատ մարդ նստած լաց է լինում` իր սիրուհու նազից դժգոհ:
Թեկուզ կարդա՛ցի, հասկա՛ցա իմաստնասիրաց առակը,
Սիրուցդ ես խենթացել եմ, մաշվեց իմ սրտի վարակը**.
Ա՛ստված վկա, մարդ չքաշի` դժվար է սիրո կրակը.
Տեսա արյունոտ եղնիկը` որսորդի նիզակից դժգոհ:
Անցկացավ արդեն աշունը` նոճիքն խաղալ են ուզում,
Հասել է գարնան ձնհալը` բլբուլը ետ գալ է ուզում,
Սայաթ-Նովեն առանց ընկեր` վիզը ծռած լալ է ուզում.
Զորք կորցրած արքայի պես նստած է իր գանձից դժգոհ:
|