Աշխարհըս մէ փանջարա է :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
41. 41.
բնագիր
 
թարգմանություն

Աշխարհըս մէ փանջարա է. թաղիրումէն բէզարիլ իմ,
Մըտիկ տըվողըն կու խուցվի. դաղիրումէն բէզարիլ իմ.
Էրեգ լաւ էր, կանց վուր էսօր. վաղիրումէն բէզարիլ իմ.
Մարդ համաշա մէ՛կ չի ըլի. խաղիրումէն բէզարիլ իմ:

Դօվլաթըն էյթիբար չունէ, յիփոր կ'էրթայ իր շըքարով,
Լաւ մարդն էն է` գլուխըն պահէ աշխարհումըս էյթիբարով.
Աշխարհըս միզ մընալու չէ` իմաստնասիրաց խաբարով,
Գ'ուզիմ թըռչի բըլբուլի պէս. բաղիրումէն բէզարիլ իմ:

Ո՞վ կ'օսէ, թէ` յիս կու ապրիմ առուտէմէն ինչրու մուտըն.
Աստըձու ձեռումըն հիշտ է մարդու աշխարհք ելումուտըն.
Ղուրթս է՛նդուր ճանփայ չէ գընում` շատացիլ է խալխի սուտըն.
Քըսա՛նըն` մէ՛ ղուլ չին պահում. աղիրումէն բէզարիլ իմ:

Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զօղ ու սափին.
Հում կաթնակի՛ր` Աթամի զա՛թ, նա՛լաթ ըլի էդ քու բափին.
Հանփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին,
Դօստիրըս դուշման ին դառի. եաղիրումէն բէզարիլ իմ:

Սայաթ-Նովէն ասաց` դարդըս կանց մէ ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պէս է՛նդուր գուլամ` վարդիս խարըն շատացիլ է.
Չին թողնում վախտին բացվիլու. քաղիրումէն բէզարիլ իմ:

 

Աշխարհս խճանկար է, պես-պես նախշից ձանձրացել եմ,*
Մտիկ տվողը խոցվում է, խայթոցներից ձանձրացել եմ,
Երեկ լավ էր էսօրվանից, վաղվա օրից ձանձրացել եմ,
Մարդ շարունակ մեկ չի լինի. երգ-խաղերից ձանձրացել եմ:

Հարստությունը գին չունի, երբ կուղղորդվի միայն շահով,
Լավ մարդն էն է` գլուխը պահի աշխարհումս անբիծ պատվով,
Աշխարհս մեզ չի մնալու` իմաստնասիրաց ասածով.
Կուզեմ թռչել բլբուլի պես. պարտեզներից ձանձրացել եմ:

Ո՞վ կասի, թե հաստատ կապրեմ առավոտից մինչեւ մութը.
Աստըծո ձեռքին շատ հեշտ է մարդու աշխարհ ելումուտը.
Ճիշտս ճանապարհ չի գտնում` շատացել է մարդկանց սուտը.
Ոչ թե մեկ, քսա՛ն ճորտ են պահում, ես տերերից ձանձրացել եմ:

Աշխարհս մեզ չի մնալու, քանի նստենք քեֆ-խնջույքին,
Հում կաթնա՛կեր ադամորդի՛, անե՛ծք անհաստատ քո վարքին.
Համբերությունս հատել է, չեմ դիմանում մարդկանց ծաղրին,
Ընկերներս թշնամացան. չարկամներից ձանձրացել եմ:

Սայաթ-Նովեն ասաց` վիշտս` հեղեղից էլ շատացել է.
Չունեմ անցած քաղցր փառքս, հիմի ցավը շատացել է,
Բլբուլի պես լաց եմ լինում` վարդիս խարը** շատացել է,
Չեն թողնում վախտին բացվելու. քաղհանելուց ձանձրացել եմ:

Էսպէս Արութինի ասած. ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին (1759):  

* Գրքի առաջին հրատարակությունում տողը թարգմանել էինք «Աշխարհը մի պատուհան է, կամարներից ձանձրացել եմ», սակայն այդ դեպքում ստացվում է մտքի որոշ ճապաղություն: «Փանջարա» բառը նշանակում է նաև զարդանախշ, խճանկար: Հենց այդ իմաստով Բանաստեղծը բառը օգտագործել է իր հայտնի «Քամանչա» խաղում («Էրկաթըդ` փանջարա արած»): Իսկ բնագրի «թաղերը» նշանակում է և՛ կամար, և՛ թաղամաս, և՛ կոր /կլոր/ նախշ /Ի. Ս./:
** Խար - այստեղ` վնասատու միջատ, որը կրծում է վարդի կոկոնները

 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.