Հանճարեղ Սայաթ-Նովայի մասին գրականության պակաս չկա։ Նրա բանաստեղծությունների (խաղեր) առաջին ուսումնասիրող և հրատարակող երջանկակահիշատակ Գևորգ Հախվերդյանից հետո տպագրվել են բազում մենագրություններ, հոդվածներ ու գեղարվեստական ստեղծագործություններ, սակայն հանուն արդարության նշենք, որ դրանց մի մասը միայն գիտական լուրջ արժեք ունեն, առանձնապես ՝Նիկոլ Աղբալյանի և Մորուս Հասրաթյանի աշխատությունները, իսկ մնացածները կամ չփաստարկված հորինվածքներ են, կամ՝ խիստ կասկածելի մեթոդների կիրառմամբ արված բանդագուշանքներ և կամ՝ այլ հեղինակներից կատարած պարզ արտագրութուններ։ Այդպիսի հորինվածքներ են արքայադուստր Աննա Բատոնաշվիլու նկատմամբ տածած սիրո կոլխոզակինտոյական առասպելը, որ զարմացրել և զայրացրել է Հովհաննես Թումանյանին ու արժանացել Նիկոլ Աղբալյանի սարկազմին, Սայաթ-Նովային բռնի հոգևորական կարգելու սրբապիղծ սուտը, նրա ըմբոստ հեղափոխական խառնվածքի մասին բոլշևիկյան դատարկաբանությունները և այլն։
Սայաթնովագիտության մեջ Գևորգ Ասատուրից սկսած շրջանառվում է այն կեղծ թեզը, թե իբր նա իր խաղերում ծածկագրել է ինչ-ինչ անուններ ու թվականեր։ Ահա դրանից ելնելով մեր որոշ հեղինակներ Սայաթ -Նովայի խաղերից առանձնացնում են որոշ կամայական բառեր և այդ բառերը կազմող տառերի հետ թվաբանական ձեռնածություններ անելով կատարում «դարակազմիկ բացահայտումներ»։
Հարկ եմ համարում կատարել որոշ ուղղորդող դիտարկումներ։ Սայաթ-Նովան իր բոլոր հայերեն խաղերը գրել է վրաց տառերով, իսկ թուրքերեն (այլ ոչ ադրբեջաներեն) խաղերի մի մասը վրացատառ են, մյուսը՝ հայատառ։
Հարց է առաջանում։ Եթե հայերեն լեզվով, վրացերեն տառերով գրված խաղից առանձնացնում են ինչ որ բառ (որը հաճախ արաբական, պարսկական կամ թուրքական ծագում ունի) և այդ բառը կազմող տառերի թվային արժեքների հետ թվաբանական ձեռնածություններ են անում, այդ ո՞ր լեզվի այբուբենի թվային արժեքներն են հիմք ընդունում՝ հայերե՞ն, վրացերե՞ն, պարսկերե՞ն թե՞ թուրքերեն կամ արաբերեն:
Այդպիսի հակագիտական մեթոդի ամենաակնառուն կիռարողն ու տարածողը ոչ այլ ոք էր՝ քան Պարույր Սևակը։ Երանի թե մեծ բանաստեղծը գրած չլիներ իր «Սայաթ-Նովա» դոկտորական թեզը և կամ գոնե դրա առաջին՝ բանասիրական մասը, որում (մոտ 100 էջ) փորձում է ճշգրտել Սայաթ-Նովայի ծննդյան թվականը։ Թվում է թե 300 տարի առաջ ծնված մարդու ծննդյան թվականի հարցում մի քանի տարին որևէ դեր չի խաղում, սակայն Պարույր Սևակը իր առաջ գերխնդիր է դրել ապացուցել, որ Սայաթ-նովան ծնվել է ոչ թե Գևորգ Հախվերդյանի նշած 1712-ին, այլ՝ 1722-ին։ Բանն այն է, որ Սայաթ-Նովան ունի «Ինձ ու իմ սիրեկան եարին մէ տարի բերած գիդենաք» սկսվածքով մի հայերեն խաղ: Քանի որ վրաց պատմագրությունից հայտնի է, որ Աննա Բատոնաշվիլին ծնվել է 1722 թվին, Պարույր Սևակը 15 «անառարկելի» ապացույցներ է բերում, որ Սայաթ-Նովան էլ ծնվել է այդ թվին և նրա «սիրեկան եարը» Աննան է։
Նախ՝ «յար» օսմաներեն բառը հիմա մեզանում միայն սիրած էակ նշանակությունն ունի, իսկ օսմաներենում այն բազում իմաստներ ունի, օրինակ՝ հավատարիմ ընկեր, արդար գործընկեր, սրտով սիրած գործ և այլն։ Ուշադիր ընթերցողն կնկատի, որ այդ խաղում Սայաթ-Նովան խոսում է իր բանաստեղծական տաղանդի մասին, որն ի ծնե է «մէ տարի բերած» և նկարագրում է իր ստեղծագործական տառապանքը («Ուշք ու միտքըս խառնվեցավ խուռըն-խուռըն խաղ հանիլեն») և վերջում, ինչպես բոլոր հանճարեղ մարդիք՝ դժգոհում է իր ստեղծածից («ծառըս չըխերած գիդենաք»): Այս առիթով հիշենք Բորխեսի պրիտչան Շեքսպիրի մասին, հիշենք Ումբերտո Էկոի և Մարկեսի խոստովանությունները, հիշենք վերջապես սուրբ Նարեկացուն: Եվ հետո։ Վաղուց փաստված է որ Սայաթ-Նովան պարսկական հզոր բանաստեղծական դպրոցի սուֆիական ուղղության հետևորդ է, իսկ երբ սուֆի բանաստեղծը խելակորույս գովերգում է ինչ որ կնոջ գեղեցկություն, ապա արևելքցի միջին ընթերցողն անգամ գիտի, որ նա փառաբանում է Աստծուն, քանզի ըստ սուֆիզմի Աստված անտեսանելի և անընկալելի է և կնոջ գեղեցկությունը Աստծուց բխող այն ճառագայթներից մեկն է որ մարդը կարող է տեսնել ու դրա միջոցով փառաբանել Աստծուն։ Ասվածից հետևում է, որ Սայաթ-Նովայի խաղերում ինչ-որ որոշակի կնոջ փնտրտուքը առնվազն գավառամտություն է։ Պարույր Սևակը չապացուցվողը ապացուցելու համար թվագրված է հայտարարում չթվագրված խաղերը, թուրքերենից կամայական և տարօրինակ թարգմանություներ անում օրինակ՝«յաշումըզի թոքաք» արտահայտությունը թարգմանում է թե իբր տարիքս թոքաք բառի տառերի թվային արժեքների գումարն է, այնինչ այն պարզապես նշանակում է «արտասուքս հոսեց»), Սայաթ-Նովայի կողմից հաճախ օգտագործվող «Հինդ ու Հաբաշ» (Հնդկաստան ու Հաբեշստան) տեղանունները համարում է ոչ թե գոյական, այլ՝ ածական և այլն և այլն։
ՄԵրկապարանոց չլինելու համար բերեմ Պարույր Սևակի զավեշտի մոտեցող օպուսներից մեկը։
Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարի» 14-րդ էջում կա վրացերեն տառերով գրած մի թուրքերեն թեջնիս («Շեմք ու երդիկ չունեցող խուց է սիրտը») որի բոլոր տները վերջանում են ՅԱԴ ԱՆԱ հանգակիր բառով։ Եվ ահա, Պարույր Սևակը գրում է, թե իբր այդ խաղում Սայաթ-Նովան մի քանի անգամ «ուղղակի ճչում է» որ իր յարի անունը Աննա է (թուրքերեն՝ ադ Աննա)։ Մեջբերում եմ խաղի տների վերջին տողերի բնագրերը և դրանց՝ վաղամեռիկ արևելագետ Նիկոլայ Գևորգյանի կատարած ճշգրիտ տողացի թարգմանությունները։
...Նաշի օլան սանի բիլմազ,նաղս էդար,
Սաթմագինան ղադըր բիլմազ ՅԱԴԱՆԱ
[Անգետ մարդը գինը չի իմանա,կփչացնի.
Մի վաճառիր գինը չիմացող օտարին]
Զուրիաթին նե՞ջա ղիար հազր աթա
Օղուլ իչուն հաչան աղլար ՅԱԴԱՆԱ
[Զավակին ինչպե՞ս կսիրի խորթ հայրը
Որդու համար ե՞րբ լաց կլինի խորթ մայրը։
Հար քիմ փիր ուստադուն ղահրի չաքմամիշ,
Դորթ այաղլու յա բըզովդուր ՅԱԴԱՆԱ
[Ով չի տարել փիր-վարպետի փորձությունը
Չգիտի չորքոտանին հորթ է թե՞ մոզի։]
Սայաթ-նովա դիար՝աթամուն վաթանի,
Սորուշանլար, յա Հալաբդուր, ՅԱԴԱՆԱ
[Սայաթ-Նովան ասում է՝ հորս հայրենիքը,
Թե հարցնեն,Հալեպն է կամ Ադանան։] |
Ընթերցողի ճաշակին եմ թողնում որոշելու, թե Սայաթ-Նովայի «սիրեկան յար Աննան» Հալեպից եկած մի տգետ օտարակա՞ն էր արյոք, թե՞ խորթ մայր կամ հորթ ու մոզի։
Հոդվածս գրելիս բնավ նպատակ չեմ հետապնդել վիճարկել Պարույր Սևակի անվիճելի ավանդը մեր գրականության մեջ, պարզապես Սայաթ-Նովայի պես համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծի մասին գրված ցանկացած տող պետք է ստանա իր արժանի գնահատականը:
Հիմա ևս մի ցավոտ հարցի մասին։ Երբեմն-երբեմն մեր հարևան վրացիներն ու թաթարները (ադրբեջանցի?) փորձում են «գիտականորեն» վիճարկել Սայաթ-Նովայի ազգային պատկանելիության հարցը։ Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարի» 62-րդ էջում գտնվող մի վրացատառ թուրքերեն խաղի ֆոտոպատճեն և դրա՝ իմ կատարած գեղարվեստական թարգմանությունը (տես՝ «Ведь он по крови армянин» հոդվածը)։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին։ |