Ձէնըդ քաղցըր ունիս` լա՛մզով կու խօսիս,
Նա՛ պահէ քիզ, ումնոր ծառայ իս, գօ՛զալ,
Մէջքըդ ջէյրանի է, ռանգըդ` շաքարի,
Փըռանգըստանու էկած խա՛րա իս, գօզալ:
Ղո՛ւմաշ ասիմ` շուրէղէն է, կու մաշվի,
Սա՛լբի ասիմ` ախըր մին օր կու տաշվի,
Ջէ՛յրան ասիմ` շատ մարդ քիզիդ կու եաշվի.
Բաս վո՞ւնց թարիփ անիմ` մա՛րա իս, գօ՛զալ:
Թէ մանուշակ ասիմ` սարէմէն կ'օսին,
Թէ ջավահիր ասիմ` քարէմէն կ'օսին,
Թէվուր լուսին ասիմ` տարէմէն կ'օսին.
Արեգագի նըման փա՛րա իս, գօ՛զալ:
Գ'ո՛ւզիմ, թէ համաշա դըռանըդ գամ ուխտ`
Աչքիրըդ, կա՛րմիր վարդ, նուր բացարած տուղտ,
Լիզուդ գըրիչ ունիս, ձեռըդ` գուլգազ թուղթ.
Ծովէմէն դուս էկած զա՛րա իս, գօ՛զալ:
Սիրա սիրմըդ սըրտիս մէջըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, եա~ր, իմ հոգիս հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
Գըլխիդ էկած ղադէն առայ յիս, գօ՛զալ: |
|
Քաղցր ձայն ունես դու, ա՛նուշ ես խոսում,
Նա պահի քեզ, ում որ ծառա* ես, գո՛զալ,
Մեջքդ եղնիկի է, գույնդ` շաքարի,
Ֆրանկստանից բերված դի՛պակ ես, գո՛զալ:
Կե՛րպաս ասեմ` շորեղեն է, կմաշվի,
Նո՛ճի ասեմ` ախր մի օր կտաշվի,
Եղնիկ ասեմ, շատ մարդ վրադ կու աշի,
Բա ո՞նց գովքդ անեմ` շո՛ղակ** ես, գո՛զալ:
Թե մանուշակ ասեմ` սարից է կասեն,
Թե ադամանդ ասեմ` քարից է կասեն,
Թե որ լուսին ասեմ` տարուց է կասեն.
Արեգակի նման հրա՛կ ես, գո՛զալ:
Կուզեմ թե շարունակ դռանդ գամ ուխտ`
Աչքերդ, կա՛րմիր վարդ, նոր բացարած տուղտ***.
Լեզուդ հանց գրիչ է, ձեռքդ` ընտիր թուղթ.
Ծովից դուրս եկած վառ ծաղիկ ես, գո՛զալ:
Հրիդ**** սերմը սրտիս մեջը ցանեցիր,
Նազ ու խաղով, յա~ր, իմ հոգին հանեցիր,
Էս քո Սայաթ-Նովուն դու ըսպանեցիր.
Գլխիդ եկած ցավը առա ես, գո՛զալ: |