Անցած տարեվերջին Հայաստանի ճարտարագետի տանը կայացավ իրանահայ ճարտարագետ, օդաորակիչների նախագծման և արդյունաբերության ոլորտի ճանաչված մասնագետ Վարդգես Զարգարյանի գրքի շնորհանդեսը (Բառ ու բանք Սայաթ-Նովայի, Նայիրի հրատ., Թեհրան, 2009):
Հնչեցին շնորհավորանքներ, հավուր պատշաճի ասված բաժակաճառեր, երաժշտական կատարումներ և այլն: Այդ ֆոնի վրա փոքր-ինչ սթափեցնող էր բանասիրական գիտությունների դոկտոր Հ. Բախչինյանի խուսափողական և չպարտավորեցնող ելույթը:
Գրքին ծանոթանալուց հետո միայն հասկացա, որ անվանի սայաթնովագետն իրեն հատուկ մեղմության պատճառով միայն չորակեց գիրքն այնպես, ինչպես կա: Գրքի «արժանիքները» թվարկելուց առաջ ժամանակակից սայաթնովագիտությանը քիչ ծանոթ ընթերցողի համար հարկ եմ համարում կատարել մի քանի դիտողություններ:
Սայաթ-Նովան իր բոլոր հայերեն խաղերը գրել է վրացերեն տառերով (բացառությամբ մեկի, որ տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն), թուրքերեն խաղերի մի զգալի մասը հայատառ են, մի մասն էլ` վրացատառ:
Իր եռալեզու ստեղծագործություններում ընդհանրապես, և հայերեն խաղերում` մասնավորապես, Սայաթ-Նովան օգտագործել է բազում պարսկերեն, արաբերեն և թուրքերեն ծագում ունեցող բառեր:
Հայտնի է, որ բառը մի լեզվից մյուսին անցնելիս հաճախ կորցնում է իր նախնական իմաստը և ձեռք բերում այլ, երբեմն իրարամերժ իմաստներ:
Այսպես. «Հարիֆ» կամ «Հերիֆ» արաբերեն բառը մայր լեզվում արհեստակից ընկեր, գործընկեր է նշանակում: Պարսկերենում այն կիրառվում է մրցակից, ախոյան իմաստով: Օսման թուրքերենում բառի իմաստը նույնն է, ինչ արաբերենում: Ժամանակակից թուրքերենում բառը նշանակում է մարդ, տիպ, սուբյեկտ: Հայերենում «Հարիֆ» անվանում են տխմար, միամիտ, բացբերան մարդուն: Ավելին, հայերենի «գողական» ժարգոնում «հարիֆ» են անվանում բանտերի այն կալանավորներին, որոնք հանցագործ աշխարհին չեն պատկանում:
Վրացերեն «Լոթի» բառը մեզանում պարծենկոտ, սնապարծ իմաստն ունի, այնինչ վրացերենում` հարբեցող, գինեմոլ է նշանակում:
Առակս ի՞նչ կցուցանե: Որևէ հեղինակի թարգմանելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե նրա օգտագործած օտարամուտ բառերը տվյալ հեղինակի ապրած միջավայրում ինչպե՞ս են ընկալվել և ի՞նչ իմաստով: Ասածս հատկապես կարևոր է Սայաթ-Նովայի կիրառած բարդ ու խրթին բառապաշարը հասկանալու գործում:
Վ. Զարգարյանի գիրքը, ինչպես նաև դրա խմբագիր Գ. Առաքելյանի գրած առաջաբանը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե Իրանի Իսլամական հանրապետությունում սայաթնովագիտությունը կանգ է առել անցած դարի 30-40-ական թվականների մակարդակի վրա: Հարգարժան խմբագիրը նախ հարկ է համարում թերագնահատել «...բազմաթիվ և բազմապիսի ձեռնարկները և ուսումնասիրությունները...» չնայած այն հանգամանքին, որ «... դրանք ընթերցվում կամ կատարվում են սահուն ու հարազատ հնչեղությամբ...» և սահուն անցնում գրքի հեղինակի կատարած մի շարք «դարակազմիկ հայտնագործությունների» գովերգությանը:
Այսպես. հարգարժան պ-րն խմբագիրը բերում է Սայաթ-Նովայի խաղերում հանդիպող հնչյունափոխության օրինակներ, մասնավորապես ֆ - փ անցման դեպքերը (օրինակ` ռաֆ-ռափա, սաֆա-սափա, թարիֆ-թարիփ և այլ բառերում): Պ-րն խմբագիր: Վրացերեն այբուբենում ֆ - տառ գոյություն չունի, իսկ նշեցինք, որ Սայաթ-Նովան իր հայերեն խաղերը գրել է վրացերեն տառերով: Վրացերենում կա միայն փ - տառը, որն էլ և օգտագործել է մեծ բանաստեղծը և որևէ օրինաչափ կամ ապօրինի հնչյունափոխության մասին խոսքերը անօրինաչափ են:
«Ամեն սազի մեջըն գոված» խաղում տեղ գտած «թամամ տասն ես» արտահայտությունը ըստ հեղինակի պետք է լինի «թամամ թասն ես», որը թուրքերեն թաս-թամամի շրջված տարբերակն է:
Հիշեցնենք նորից, որ այս, ինչպես և բոլոր հայերեն խաղերը վրացատառ են: Վրացերեն ձեռագրերում որոշ տառեր իրարից տարբերելը դժվար է (օրինակ` զ>խ>ս, ղ>լ, ու>կղ տառերը, սակայն դ, թ, տ տառերը շփոթելն անհնար է:
Կարծես կանխազգալով այս կարգի թյուրընկալումները, Սայաթ-Նովան խնդրո առարկա տողը գրել է երկու անգամ: Նախ գրել և ինչ-ինչ պատճառներով ջնջել է ու հետո նույնությամբ արտագրել և անցել է առաջ: Ե՛վ ջնջված, և ՛ մնացած տողում հստակ երևում է տաս բառը: Ըստ այդմ տողի իմաստն է «Ամեն սազի մեջն գոված դու տասնապատիկ լավն ես, քամանչա» (տես` Սայաթ-Նովա, Դավթար, ԳԱԹ հրատ., Երևան, 2005, էջ 134, ինչպես նաև խնդրո առարկա տողի` Հ. Բախչինյանի մեկնաբանությունը):
Նույն խաղում տեղ գտած «Շիրմա» բառը հեղինակը թարգմանել է «առյուծաձուկ», որի սադափե ատամից տարբեր առարկաներ են պատրաստում: Թե ինչ բան է «առյուծաձուկը», որևէ կենդանաբանական հանրագիտարանում պարզել չկարողացանք, սակայն նշենք, որ սադափը ապակու նման կարծր և փխրուն նյութ է և որ սադափե ատամ ունեցող կենդանին դրա հենց առաջին իսկ փորձարկումից հետո ատամնաբույժի խիստ կարիք կունենար: Եվ հետո Սայաթ-Նովան հրաշալի գիտեր, թե ի՞նչ է շիրման և ի՞նչ է սադափը:
«...Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նախշ արած»: Այսինքն: Քամանչայի կոթը պետք է ամուր նյութից լինի (ամուր ծառատեսակ կամ շիրմա-փղոսկր), իսկ փուրը-իրանը` սադափով նախշազարդված:
Թիֆլիսում «Շիրմա» բառը միարժեքորեն փղոսկր է նշանակել, ահա թե ինչ:
Նույն խաղում «ռափա» բառը Վ. Զարգարյանը թարգմանել է որպես «տան շեմի նստելու վայր» կամ «թարեք»:
Այդ դեպքում ընթերցողին խնդրում եմ թարգմանել Սայաթ-Նովայի այս տողը.
«...Կու մեձըրվիս այվընումն, պարապ վախտի ռափա գ'ուզիս...» Ի՞նչ է: Սայաթ-Նովան սրահներում մեծարվելուց հետո պատի թարեքին է ուզում բարձրանալ, թե դռան շեմին նստել և գնացող-գալացողի հետ մի երկու բերան բամբասել:
Ընթերցողին առավել հասկանալի լինելու համար մեջբերում եմ հիշյալ քառյակը և դրա ժամանակակից, գիտական մեկնաբանությունը.
- Ածողիդ էրկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ'ուզիս,
Կու մեձըրվիս այվընումն, պարապ վախտի ռափա գ'ուզիս,
Յիփ վիր գուքաս մեջլիսումըն` քաղցր զօղ ու սափա գ'ուզիս,
Բոլորքըդ գօզալնիր շարած` մեջլիսի կէսն իս, քամանչա:
Սայաթ-Նովան իր սիրելի քամանչան գովելիս` ասում է հետևյալը. նվագողիդ կշիռ ես տալիս (էրկու կուշինիս) արժևորում ես, և նա սկզբում թեյ ու սուրճ է (չայի, ղափա) ուզում, որպեսզի ծանոթանա միջավայրին և տեսնի, թե հանդիսատեսը արդյոք արժան է իր տաղանդին: Հետո, որոշ ժամանակ մեծարվում է սրահներում (այվըն), ուր հանգիստ և խոնջանք (ռափա) է ուզում: Հետո, երբ հայտնվում է հանդեսում (մեջլիսում), քաղցր քեֆ ու խրախճանք է ուզում (զօղ ու սափա) և դառնում ցանկացած հանդեսի գօզալների սիրելին, այդ քեֆ ուրախության կեսը (խաղի ամբողջական գրական-գեղարվեստական թարգմանությունը տես մեր` Սայաթ-Նովա. Հայերեն և թուրքերեն խաղեր, Եր., 2006թ. գրքում, էջ 108-109):
«Առանց քիզ ի՞նչ կ'օնիմ սօյբաթն ու սազըն...» խաղում հետևելով Հ. Թումանյանից սկիզբ առած և Ն. Աղբալյանի ու Ռ. Աբրահամյանի կողմից կրկնված սխալ մեկնաբանությանը, սխալ, որին 1963թ. հրատարակած իր գրքում Մ. Հասրաթյանն անգամ հարկ չի համարում անդրադառնալ, Վ. Զարգարյանը խաղի չորրորդ տան երկրորդ տողը գրում է. «... Չիմանայ քալագըն, չիմանայ ղալըն» սխալ ձևով, այնինչ Սայաթ-Նովայի ինքնագիր ձեռագրում հստակ կարդացվում է «Չիմ անի քալագըն, չիմ անի ղալըն» (տես` «Դավթար», էջ 115): Ավելին, «քալագ» բառը թարգմանվել է քաղաք, իսկ «ղալը» բերդ և ըստ Վ. Զարգարյանի տողի իմաստն է. «Զիմանա քաղաքն, չիմանա բերդը», որն իմաստազրկում է այս չքնաղ բանաստեղծությունը: Նախ, Սայաթ-Նովան քաղաք բառը երբեք չի գրել «քալագ» պարսկա-վրացական ձևով, այլ միշտ «քաղաք», օրինակ`
«Աստըձուն փառք քաղքումն իս` դարդըտ Խանին արզ արա»,
«Էրեսըդ տեսնելու գուքան քաղաք-քաղքով, գիղ` գիղի պես»
«Հենց գիդիմ թե չուրս տարի է Քաղաքըն քարվան չի մըտել.
«Թե վուր քաղաք տիղ հանդիպիս, կու քանդիս` վար չիս անի» և այլն:
Հիշյալ տողի ճշգրիտ թարգմանությունն է.
«Աղմուկ չեմ անի ես, կթողնեմ վեճը»:
Ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, որ այս գեղեցիկ խաղը Սայաթ-Նովայի ինքնագիր դավթարում միակն է, որն հեղինակն ինքը թարգմանել է թուրքերեն: Եթե, ինչպես պ-րն Վ. Զարգարյանն է պնդում իր գրքի առաջաբանում, որ տիրապետում է թուրքերենին, մեջբերում եմ խաղի թուրքերեն տարբերակի համապատասխան տողը:
«Էթմանամ քալագի, էթմանամ ղալի»: Այսինքն` կթողնեմ վեճը, կթողնեմ աղմուկը: Սա էլ այսպես: Որպես վերջաբան, եթե արտահայտվելու լինենք Մ. Հասրաթյանի ոճով, պ-րն Զարգարյանը իր գրքում վարել ու չարչարկել է Սայաթ-Նովայի բանաստեղծությունները և նրա կողմից կիրարկված անհարկի պարսկաբանությունը ոչ միայն չի օգնի, այլև կխանգարի Մեծ Բանաստեղծի բառ ու բանքը հասկանալու գործին: |