Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուի` «Դավթար»-ի 37-րդ էջում կա հայատառ թուրքերենով (կամ թուրքերենին նմանեցված բառերով) մինչ օրս չվերծանված մի քառատող (տես` Սայաթ-Նովա. «Դավթար». նմանահանություն, ԳԱԹ. հրատ., Եր. 2005, էջ 37):
Ստորև ներկայացնում եմ քառատող ն ամբողջությամբ.
Գօգդա օդագ քօլ մարալդուր մարալ.
Օրհուդա արվարդուր դարգահդա մահ մահ.
Ադլու ալա փրսա հանդամու հալալ
Սարաուր սարումա հարադա մահ մահ
Քառատողի վերևում կա հեղինակի ծանուցումը` «էս նօղդասըզ է»: «Նօղդասըզ» թուրքերեն բառը «կետազուրկ» է նշանակում: Հիշեցնեմ ընթերցողին, որ Սայաթ-Նովայի ժամանակներում թուրքերը գրում էին արաբերեն տառերով: «Նօղդաները» այդ տառերի վերևում կամ ներքևում դրվող կետերն են: Սակայն, քանի որ քառատող ը հայատառ է (իսկ Սայաթ-Նովան հրաշալի տիրապետում էր արաբերեն և պարսկերեն գրերին), իմ կարծիքով, այս դեպքում «Նօղդասըզ»-ը հանելուկ, գլուխկոտրուկ իմաստն ունի:
Քառատողի ներքևում կա վրացատառ հայերենով մի հետգրություն - «Էս գիրն օվօր կարթաք, մէ մէ բերան վուղուրմի ասեք, Աստված սիրեք»: Հետգրությունը վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցինն է (Իովանե Պենտելանտ): Հետաքրքրվողները կարող են համեմատել այդ հետգրության ձեռագիրը Դավթարի վերջում գտնվող ձեռագրի հետ (տես նույն տեղը, էջ 140), ուր Պենտելենցը իր կնիքով և ընտիր վրացերեն ձեռագրով հաստատում է, որ Դավթարում գտնվող բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:
Պենտելենցի գրածի տակ կա Սայաթ-Նովայի ձեռքով գրված նույն բանը, սակայն` հայերեն տառերով (ձեռագիրը համեմատել նախորդ` 36-րդ էջի ձեռագրի հետ):
«Էս գիրս օվօր կարթաք մէ մէ բերան...»
Ուշադրություն դարձրեք - ոչ թե «գիրն», ինչպես Պենտելենցի մոտ է, այլ` «գիրս», որը մեկ անգամ ևս ապացուցում է ձեռագրի պատկանելությունը: Այնուհետև դրանց տակ Սայաթ-Նովայի որդին` Մելիքսեթը, փորձել է ընդօրինակել վերը գրվածները` չմոռանալով նշել նաև իր անունը.
«Շենիս բե(լ)իս Մելքոաս» (Քո քոթոթ Մելքոն. վրաց):
Ե՛վ Պենտելենցի, և՛ Սայաթ-Նովայի հետգրություններում պարզորոշ ասված է` «Եթե այս գրվածը կարողանաք կարդալ, ապա արժանի կլինեք ինձ հասկացող համարվելու»:
Չէ՞ որ`
«Ամեն մարդ չի կանայ կարթայ` իմ գիրըն ուրիշ գըրեն է»:
Փորձենք վերծանել քառատող ը, ուր խախտված են նաև քերականական օրենքները:
Քառատողի առաջին տողի «գօգ»-ը երկինք է նշանակում, օդագ` (օթաք) վայր, բնակատեղի, սարվորների վրան իմաստներն ունի, «քօլ»-ը բազմաթիվ իմաստներ ունի, որոնցից ամենահավանականը խումբ, երամ նշանակությունն է, մարալը` եղնիկն է: Հետևաբար առաջին տողը կարող ենք թարգմանել այսպես`
Երկինքը (անմեղ) եղնիկների հոտի բնակավայրն է:
Երկրորդ տողի «օրհուդա» և «արվարդուր» անիմաստ բառերը, ըստ իս, հեղինակի կողմից տողի չափը լրացնելու համար դեֆորմացված (Պ. Սևակը կասեր` բռնադատված) բառեր են: Չափի և հանգի խնդիրներ լուծելու նպատակով Սայաթ-Նովան այդպիսի «բռնադատված» կամ ինքնահնար բառեր օգտագործել է իր հայերեն խաղերում ևս (տիսալուն, հուսալուն, տերիվակալ, արիվակալ, բարիվակալ և այլն):
Եթե «օրհուդայից» դեն ենք նետում «օր»-ը, որպես այդպիսի հնարքի արդյունք, իսկ «արվարդուրից» «ար»-ը, ապա 2-րդ տողը ընդունում է հետևյալ տեսքը.
- Հուդա վարդուր դարգահդա մահ մահ.
«Հուդան»` Բարձրյալ, Աստված է նշանակում, «վարդուր»-ը կնշանակի` կա, գտնվում է, «դարգահը»` չքնաղ պալատն է, «մահ»-ը` լիալուսինն է, «մահ մահ»-ը` լուսնաշող իմաստն ունի: 2-րդ տողի թարգմանությունն է.
- Բարձրյալն է գտնվում լուսնաշող պալատում:
Երրորդը տողը`
- Ադլու ալա փրսա հանդամու հալալ
«Ադլուն» կոչյալ, անվանյալ է նշանակում, «ալա» օսմաներեն բառը ժամանակակից թուրքերենում «բախշիշլար», «իխսանլար» իմաստն ունի, որ նվիրատու, բարեգործ է նշանակում, «փրսա» (ֆուռսա) բառը թարգմանվում է արժանի, համապատասխանող, «հանդամ» պարսկերեն բառը երկրպագող, հետևորդ է նշանակում, «հալալ»-ը թուրքերենում գրեթե նույնն է, ինչ է հայերենում և ազնիվ, շիտակ, օրինական իմաստն ունի: 3-րդ տողի թարգմանությունն է.
- Կոչյալ բարեգործներն են արժանի արդար ու անկեղծ երկրպագելու Աստծուն:
Սրան հաջորդող 4-րդ տողը իմաստազուրկ բառերի շարք է.
Սարաուր սարումա հարադա մահ մահ.
Քառատողի բնագրում պարզ երևում է, որ առաջին և երրորդ տողերի հանգակիր բառերը վերջանում են «ալ» մասնիկով (մարալ, հալալ), իսկ երկրորդ և չորրորդ տողերը` «ահ»-ով (մահ): Իմ կարծիքով քառատող ում կա մի բառ, որը վերջին տողի վերծանման բանալին է - դա «հալալ» բառն է, որն ուղիղ կարդալիս վերջանում է «ալ»-ով, իսկ հակառակ ուղղությամբ կարդալիս վերջանում է «ահ»-ով:
Փորձեցինք «հալալ» բառից հետո մնացածը կարդալ հակառակ ուղղությամբ` սկսելով վերջին «մահ» բառից, ստացվում է հետևյալ պատկերը`
Համ համադա ռահա մուրաս ռուա ռաս (ու)լ Ալ(լ)ահ:
«Համ համադա» կնշանակի դրանք բոլորը, «ռահ» գինի է թարգմանվում, «մուրա» (մուրաթ) բառը խնդրել, կամենալ է նշանակում, «ռուա»-ն` պայծառադեմ, «ռասուլ»-ը` մարգարե, «Ալլահ»-ը` Աստված: Տողի թարգմանությունն է`
Դրանք ամենքն էլ գինի են խնդրում Աստծո պայծառադեմ Մարգարեից:
Սայաթնովագիտությանը վաղուց հայտնի է, որ Սայաթ-Նովան պարսկական սուֆիզմի հետևորդ է: Այդ մասին խոսել են Գ. Ախվերդյանը, Ն. Աղբալյանը, Մ. Հասրաթյանը, մեր օրերում Հ. Բախչինյանը և այլոք: Գինին սուֆիզմում Աստվածային բանականության խորհրդանիշն է: Վերջին տողի իմաստն է` «Ազնիվ ու բարեգործ մարդիկ աստվածային բանականությանը հաղորդակցվելու իրավունք են հայցում Աստծո պայծառադեմ Մարգարեից»:
Ելնելով վերը շարադրվածից` փորձենք տալ քառատող ի ամբողջական արձակ թարգմանությունը.
- Երկինքն է անմեղ եղնիկների բնակավայրը, ուր Բարձրյալն է բնակվում լուսնաշող պալատում: Կոչյալ ու բարեգութ մարդիկ են արժանի անկեղծ սրտով երկրպագելու Աստծուն և այդպիսիք Աստվածային Բանականությանը հասու լինելու իրավունք են հայցում Աստծո պայծառադեմ Մարգարեից:
Հոդվածիս վերնագրից իսկ երևում է, որ սա ես ներկայացնում եմ որպես մի փորձ, մի վարկած ընդամենը, հույս փայփայելով, որ մեր ուսյալ օսմանագետ, թուրքագետ և արևելագետ գիտնականները առավել ճշգրիտ կթարգմանեն այս` մինչ օրս չվերծանված հանելուկը: Բայցևայնպես ինձ իրավունք եմ վերապահում ոչ թե «մէ մէ բերան», այլ հազար բերան «վուղուրմի» ասելու մեր հանճարաց հանճարին` անզուգական Սայաթ-Նովային: Ամեն: |