|
ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՄԱՍԻՆ |
|
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ`
ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՈՒ ԱՆԱՆՑ ՍԵՐԸ
Մեր գյուղ ու գյուղերում (Լոռի) լավ ձեն ունեցողներին, անկախ տարիքից, Սայաթ-Նովա էին կանչում: Ասում էին` Սայաթ-Նովան ձենը տվել է սրան (անունը) ու նոր գնացել: Նախանձելի~ ժառանգություն: Ասում էին` էսինչը (անունը) էսինչի մեծ ուրախությանը բլբուլ էր կտրել, աշուղ էր դարձել, հենց Սայաթ-Նովա էր դարձել:
Հայ մարդը, ուր էլ ծնվի, չի կարող իր բաժին կյանքի ճանապարհին չառնչվել, չկապվել հայ երգի հետ: Ի վերջո, ո՞րն է հայ երգը: Հայ երգը նույն հայոց լեզուն է` միայն երգեցիկ: Իսկ ովքե՞ր են մեր լեզուն դարձնում ավելի երգեցիկ: Պարզունակ հարց պարզունակ պատասխանով` մեր լեզուն երգեցիկ են դարձրել մեր աշուղները, մեր գուսանները, մեր երգիչները, մեր բոլոր դարերի ու նաև այսօրվա սայաթնովասերները: Մեզ լեզու են տվել սուրբ մեսրոպ մաշտոցները, նարեկացիները, աղոթքները, խաչքարերը, դպրոցները, արհեստները, և սե~րը, սերը, դարձյալ ու կրկին սե~րը, սերը: Պահել, պահպանել, պաշտպանել հայոց լեզուն, նշանակում է պահել-պահպանել-պաշտպանել հայ երգը:
Երգը մայր լեզվի նման սիրում է իրեն սիրողին` զինվորից մինչև... ամեն մի մասնագիտության տեր մարդ: Գուցեև զարմանալի թվա շատերին, թե ես` ոչ սայաթնովագետս, ինչպես եմ համարձակվում ու փորձում խոսք ասել սայաթնովագետ Իշխան Ստեփանյանի կատարած ազնվագույն գործի մասին: Մինչ հարցին անդրադառնալը փորձեմ ընդամենը հիսուն տարով նահանջել, երբ Սայաթ-Նովան ընդամենը 250 տարեկան էր: Էդ առթիվ մրցանակաբաշխություն էր հայտարարված Մայր բուհում: Մասնակցեցի և... արժանացա մրցանակի (ժամացույց): Ոգևորվեցի` սայաթնովյան մի երկու պատմվածք ու նվեր գրեցի ու... Ո՞ւմ ասես, որ չեմ լսել ու ծափահարել, ո՞ւմ նվիրական գիրքը, ուսոնմասիրությունն է, որ չեմ կարդացել: Հիմա հերթը հասել է սիրելի բարեկամիս` բնասեր ու սայաթնովապաշտ ու հենց Սայաթ-Նովայի բնությունը (երգերի բնավորությունը) հիմքից ճանաչող ու ճշգրիտ բնութագրող Իշխան Ստեփանյանին:
Էնքան է խորացել Սայաթ-Նովայի երգերի մեջ, որ կարող է Սայաթ-Նովայով գիտական աստիճաններ "շահած" ոչ անհայտների ճիշտն ու սխալը պարզել ու յուրովի պարզաբանել: Սայաթնովյան անհուն սերն ու նվիրվածությունն են պարզապես ստիպում նրան, որ զբաղվի ոչ միայն սայաթնովյան հայերենով, այլև նույն բանաստեղծի վրացերենով ու թուրքերենով գրած խաղերով: Կարող ենք վստահորեն ասել, որ ոչ միայն նրանք են պաշտում աշուղին, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիները նվիրում են նրա կյանքի ու գործունեության ուսումնասիրությանը, այլ ամբողջ ժողովուրդն է պաշտում իր լավ Պատմիչին, իր լավ Բանաստեղծին, իր լավ Աշուղին, լավ Վարպետին, որովհետև տարիների, դարերի ընթացքում նրանք մտնում են ժողովրդի էության մեջ, դառնում նրա ոչ թե մի մասնիկը, այլ հենց էությունն են կազմում: Դրա համար է, որ գիտնականները պահանջում են` հանճարներից ոչինչ չկորցնել և էնպես չլինի, որ որևէ հանճարի գործ անհաս մնա ժողովրդին: Տասնամյակներ առաջ Լևոն Հախվերդյանը պահանջում էր Գաբրիել Սունդուկյանի գործերը, առաջին հերթին` "Պեպոն" վերածել աշխարհաբարի: Նման խոսք եղել է նաև Հակոբ Պարոնյանի մասին: Մտածենք` Պարոնյանը Պարոնյան է հենց իր ու իր հերոսների լեզվով, նույնը` Սունդուկյանը և մեր մյուս "բարբառաբառ" հանճարեղ հեղինակները: Բայց եթե ներում է ժամանակը, եթե պահանջը կա` պիտի արվի: Նույնը` Սայաթ-Նովայի մասին:
Դա ոչ միայն գրական արևելահայերենով "վերադարձվող" գրողի, բանաստեղծի, այլ հենց ժողովրդի հոգևոր հարստության վկայությունը կլինի: Փորձենք Սայաթ-Նովային տեսնել նաև գրական արևելահայերենի մեջ: Մեկ- երկու... և տարիներ հետո ավելի հասուն կլինենք էն մեծ ու ազնիվ գործին, որ կատարել է Իշխան Ստեփանյանը: Կարելի է ասել` Սայաթ-Նովայի աշակերտներից հմուտը և բանիմացը: Եվ, անպայման, երախտավորը:
Սայաթ-Նովայի բարձրարվեստ խաղերը ոգեշնչել ու հիացրել են բազում հանճարների (Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ե. Չարենց, Պ. Սևակ և այլն): Եվ ոչ միայն հանճարներին, այլ, առաջին հերթին, ժողովրդին: Ի վերջո, ժողովուրդն է իր լեզվում, իր սրտում պահում ի՛ր նարեկացիներին, ի՛ր թումանյաններին, ի՛ր չարենցներին... Հիմա "հերթը" վաղուց հասել է Սայաթ-Նովային և հայտնվել է այն մտածողը, որը հաջողությամբ փորձել է Սայաթ-Նովայի բարձրարվեստ խաղերը առավել մոտեցնել ժողովրդին, մատչելի ու հասկանալի դարձնել դրանք:
Հայտնի է, որ Սայաթ-Նովայի խաղերի բարդ ու խրթին լեզուն հասկանալի է միայն հատուկենտ մասնագետների, իսկ ժողովրդին այն եղել ու մնում է անհասկանալի և Մեծ աշուղի նկատմամբ համաժողովրդական սերը, ցավոք, ենթագիտակցական մակարդակից այն կողմ չի անցնում: Դեռևս անցյալ դարեսկզբին Հովհ. Թումանյանը, իսկ այուհետև Մ. Հասրաթյանը և Պ. Սևակը բազմիցս խոսել են այն մասին, որ այդ խաղերը պետք է գրականացվեն, մատչելի դարձվեն ժողովրդին: Եվ ահա այդ առաքելությունն իր վրա է վերցրել Իշխան Ստեփանյանը` գրական արևելահայերենի վերածելով Մեծ աշուղի հայերեն գրած և պահպանված ողջ ժառանգությունը: Ուշագրավ է, որ այդ թարգմանություն-վերածումները կատարված են և՛ գիտական, և ՛ գեղարվեստական բարձր մակարդակով և այդ իսկ առումով կարող են որպես դասագիրք ծառայել երգիչների, ասմունքողների, գրականություն ուսումնասիրող ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:
Շնորհակալություն` կատարած ազնիվ աշխատանքի համար: |
ՀՐԱՉՕ
(Հրաչյա Մաթևոսյան,
գրող, հրապարակախոս) |
|
Սայաթ-Նովան ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության եզակի երևույթներից է: Նրա արվեստի արմատները խորանում են հայկական միջնադարյան տաղերգության, հունական դիցաբանության Աստվածաշնչի և արևելյան իմաստության ընդերքը:
Դեռևս Վոլֆգանգ Գյոթեն 1815թ. գրում է իր երազանքի մասին, այն է` մերձեցնել Արևելքը Արևմուտքին, անցյալը` արդիականին, պարսկականը` գերմանականին, ըմբռնել դրանք իրենց փոխկապակցության մեջ:
Հանճարեղ Գյոթեից մոտ մեկ դար առաջ այդ գործընթացը սկսել և հաջողությամբ իրականացրել է մեր հանճարեղ Սայաթ-Նովան, որի հայերեն ստեղծագործությունները, ցավոք, մինչ օրս մնում են քիչ հասկացված դրանց բարդ ու խրթին լեզվի պատճառով: Սայաթնովագետերի մի քանի սերունդ հաջողությամբ լծվել են այդ գործին, ստեղծելով բառարաններ` այս կամ այն խաղի վերաբերյալ տալով իրենց մեկնաբանությունները: Սակայն նշենք, որ ոչ բոլորն ունեն այդ բառարանները և կամ դրանցից օգտվելու հմտություններ: Եվ ահա, անսալով Հ. Թումանյանի, Մ. Հասրաթյանի, Պ. Սևակի պատգամ-հորդորներին, Իշխան Ստեփանյանը գրական արևելահայերենի է վերածել Սայաթ-Նովայի հայերեն ողջ ժառանգությունը (թվով 68 խաղ): Այդ աշխատանքը կատարված է գիտական բծախնդրությամբ և հնարավորինս համահունչ են բնագրին, տողատակերում տրված են բարդ և վիճելի բառերի ու բառակապակցությունների սեփական մեկնաբանությունները: Նշեմ, որ "Շարական" համույթի երգիչները հաջողությամբ օգտվում են Իշխան Ստեփանյանի կատարած վերածումներից և դրանք շատ են օգնում Սայաթ-Նովայի երգերը ճիշտ մատուցելու գործին: Իշխան Ստեփանյանը հաջողությամբ լուծել է բարդ և դժվարին խնդիր և նրա կատարած աշխատանքը հույժ կարևոր է Սայաթ-Նովայի բազմաբարդ արվեստն ուսումնասիրող ցանկացած արվեստագետի համար:
|
Դանիել Երաժիշտ
ՀՀ Արվեստի վասատակավոր գործիչ,
Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի
դոցենտ,
"Շարական" համույթի գեղ.
ղեկավար և դիրիժոր |
|
Իշխան Ստեփանյանին ճանաչում եմ երկար տարիներ:
Նա բազմաթիվ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է: Տաս տարուց ավելի նա զբաղվում է Սայաթ-Նովայի գրական ժառանգության ուսումնասիրությամբ, որի արդյունքը եղավ վերջին տարիներին հրատարակած երկու գրքերը և շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածները: Առանձնակի գնահատանքով եմ վերաբերվում Սայաթ-Նովայի խաղերի բնօրինակներից նրա կատարած գեղարվեստական փոխադրումներին: Առաջին ժողովածուն փոխադրություն է 40 հայերեն խաղերի, իսկ երկրորդը` նախորդի լրացված և վերանայված հրատարակությունն է, որն ընդգրկում է Սայաթ-Նովայի հայերեն ողջ ժառանգությունը (թվով 68 խաղ), ինչպես նաև իր կատարած թուրքերեն 22 ընտիր խաղերի գեղարվեստական թարգմանությունները:
Այս ամենը Իշխան Ստեփանյանը կատարել է գիտնականի բարեխղճությամբ և Սայաթ-Նովայի արվեստի նկատմամբ խորին ակնածանքով ու սիրով:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Սայաթ-Նովայի խաղերում հաճախ հանդիպող բառախաղերի և դժվարընկալելի դարձվածքների յուրօրինակ մեկնաբանությունները:
Իշխան Ստեփանյանի կատարած աշխատանքը հույժ պիտանի է այսօրվա և գալիք սերնդի համար` լավագույնս ընկալելու անմահ երգչի անգնահատելի ժառանգությունը:
|
Թովմաս Պողոսյան
ՀՀ ժողովրդական արտիստ,
բանասիրական գիտությունների
թեկնածու, պրոֆեսոր |
|
Իմ երկար ու բազմաբեղուն կյանքի շուրջ վեց տասնամյակ նվիրել եմ հայ աշուղների, այդ թվում նաև անմահ Սայաթ-Նովայի թողած ժառանգության ուսումնասիրությանը: Պետք է խոստովանեմ, որ իմ երկարամյա և հարուստ փորձով հանդերձ, ինձ համար (ինչպես և շատ-շատերի) հաճախ անհասկանալի էին մնում Սայաթ-Նովայի խաղերում հաճախակի հանդիպող օտարամուտ բառերն ու բառակապակցությունները:
Երբ ծանոթացա Իշխան Ստեփանյանի "Սայաթ-Նովա. հայերեն և թուրքերեն խաղեր" գրքին, խոստովանում եմ, որ շատ բաներ պարզ դարձան նույնիսկ ինձ, ուր մնաց` իրենց գրագիտությամբ առանձնապես չփայլող նորօրյա երգիչ-երգչուհիներին: Իշխան Ստեփանյանի գրքում զետեղված են Սայաթ-Նովայի բոլոր հայերեն խաղերի հայատառ բնագրերը և դրանց գեղարվեստական փոխադրումները: Շահեկան է այն, որ Իշխան Ստեփանյանն այդ խաղերի բնագրերը զետեղել է ոչ արտատպելով ուրիշների գրքերից, այլ դրանք իր իսկ կատարած վերծանություններն են (Սայաթ-Նովան բոլոր հայերեն խաղերը գրել է վրացերեն տառերով):
Սայաթ-Նովայի խաղերը արդի գրական հայերենի փոխադրելով` Իշխան Ստեփանյանը փաստորեն կատարել է Մեծն Թումանյանի, Պ. Սևակի, Մ. Հասրաթյանի պատգամը, որոնք բազմիցս նշել են այդպիսի թարգմանության անհրաժեշտությունը:
Իշխան Ստեփանյանի թարգմանությունները գիտականորեն հիմնավորված են, ունեն գեղարվեստական բարձր որակ և այդ առումով օգտակար են երգիչների, ասմունքողների, բանասերների և ընթերցող լայն շրջանակների համար:
|
Շավիղ Գրիգորյան
բանասիրական գիտությունների
դոկտոր, աշուղագետ |
|
|
|
|
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved. |
|
|
|