Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրէ, ա՛դաբ սիրէ, ա՛ր սիրէ.
Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի`
Ա՛ստուաձ սիրէ, հո՛գի սիրէ, եա՛ր սիրէ:
Էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կայ` հոգու, մարմնու կարգումն է`
Գի՛ր սիրէ, ղա՛լամ սիրէ, դա՛վթար սիրէ:
Ե՛կ, ա՛րի սի՛րտ, մընա՛ դուն մէ դամաղի,
Հա՛լալ մըտիկ արա հացի ու աղի.
Հէնց բա՛ն արա` մարդ վըրէդ չըծիծաղի.
Խըրա՛տ սիրէ, սա՛բըր սիրէ, շար սիրէ:
Հըպարտութին չանիս` դուր գուքաս Տէրիդ,
Խոնարհո՛ւթին արա կանց քիզ դէվէրիդ,
Աստուաձ դիփունանցըն մին հոգի էրիտ.
Ա՛ղքատ սիրէ, ղօ՛նաղ սիրէ, տա՛ր սիրէ:
Սայա՛թ-Նովա, է՛րնէկ քիզ, թէ է՛ս անիս`
Հոգուդ խաթրի մարմնուդ ումբրըն կէս անիս.
Թէ գուզիս, վուր դադաստան չըտեսանիս`
Վա՛նք սիրէ, անա՛պատ սիրէ, քա՛ր սիրէ: |
|
Ա՛րի ինձ ունկնդրի, այ դիվահար սիրտ,
Պատկառանք, ամոթ, համեստություն սիրե,
Աշխարհը քոնը լինի, ի՞նչ կտանես`
Աստված սիրե, հո՛գի սիրե, յա՛ր* սիրե:
Է՛ն բանն արա, որ Աստըծո շարքում է,
Խրատներն գրած Հարանց վարքում է**,
Երեք բան կա` հոգու, մարմնի կարգում է`
Մատյա՛ն սիրե, գրի՛չ սիրե, գի՛ր սիրե:
Ե՛կ, ա՛րի, սիրտ. մնա՛ դու մի ձևի մեջ,
Արդար հայացք գցի աղ ու հացի մեջ,
Էնպես արա որ չընկնես ծաղրի մեջ,
Խրա՛տ, համբերությո՛ւն ու օ՛րենք սիրե:
Հպարտություն չանես, դուր կգաս Տերին,
Խոնարհություն արա հանց քեզ դևերին,
Աստված մեկ հոգի տվեց բոլորին,
Ա՛ղքատ սիրե, հյո՛ւր սիրե, օ՛տար սիրե:
Սայաթ-Նովա, ե՛րնեկ քեզ, թե է՛ս անես,
Հանուն հոգու` մարմնիդ կյանքը կես անես,
Թե կուզես, որ դատաստան չտեսանես`
Վա՛նք սիրե, անապա՛տ սիրե, քա՛ր սիրե: |