Իլթիմազըս է՛ս է, ջա՛նում,
Օրըս հիդըդ կէս է, ջա՛նում,
Էշխըն է՛ստու պէս է, ջա՛նում,
Ջա՛նում, ջան իս,
Աննըման իս.
Աշխարհս ուս ու տես է, ջա՛նում:
Ուս ու տես արա՛, իմա՛ցի.
Մըտի՛կ արա աղ ու հացի.
Թաք իղրարին դըրո՛ւստ կացի.
Կա՛ց իղրարին,
Ահլի շարին.
Յիփ միռանիմ, վըրէս լա՛ցի:
Լացիս, աչքըդ զայի անիս,
Դաստա ռեհան փայի անիս,
Արտասունքըդ չայի անիս.
Չայու ջուր իս,
Խիստ տըխուր իս.
Ադալաթըդ շահի անիս:
Շահի զուրիաթ դաբաղըն
Չի հարցընի դուգուն-դաղըն.
Վա~յ թէ էլ չըխօսիս վաղըն,
Վաղըն գուքամ,
Նըստիմ ու լամ,
Ասիմ բարիթավուր խաղըն:
Խաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Դաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Բաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Գլուխըդ փիանդազ իս անում,
եա՛ր, ա~ման:
|
|
Աղաչանքս է՛ս է, հո՛գիս,
Օրս հետդ կես է, հո՛գիս,
Սերն ա՛յ էսպես է, հո՛գիս
Հո՛գիս ջան ես
Աննման ես,
Կյանքը ուսման տեղ է, հո՛գիս:
Ուսում ա՛րա ու իմացիր,
Հա՛յացք գցիր աղ ու հացի,
Խոստումիդ գեթ դու տե՛ր կա՛ցի
Կա՛ց խոստումին,
Փորձված կարգին,
Երբ կմեռնեմ, վրաս լա՛ցի:
Լացես աչքերդ բորբոքես,
Փնջով ռեհանը ոռոգես,
Արտասուքդ հորդ գետ անես,
Գետի ջուր ես,
Խիստ տխուր ես,
Շահի պես դու դատ անես:
Շահի զարմի հոգեհանը
Չի՛ հարցնի խոց-խարանը,
Գուցե էլ չխոսես վաղը,
Վաղը կգամ,
Նստեմ ու լամ,
Ասեմ բարիթավուր խաղը:
Խաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Դաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Բաղ ես եղել, Սա՛յաթ-Նովա,
Գլուխդ ոտատակ ես անում,
յա~ր, ա~ման: |