Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Սիրունութինդ էլաւ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,
Ղո՛ւշլու զարբաբ:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Հագիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,
Բարգ էրէսիդ խալ իս արի,
Խա՛լ իս արի:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:
Դարդըս ասիմ` գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:
Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն: |
|
Բլբուլի հետ լաց ես եղել,
Վարդի նման բաց ես եղել,
Վարդաջրով թաց ես եղել,
Թա՛ց ես եղել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Սիրունությունդ եղավ տանջանք,
Մազեր ունես արծաթ-հինվածք,
Քեզ կսազի նախշած գործվածք*,
Նա՛խշած գործվածք:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Երեսդ արև` լուսնի կամար,
Հոգիս դուրս կգա քեզ համար,
Մեջքիդ ունես ոսկե քամար**,
Ո՛սկե քամար:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Հագիդ զուքսն ալ ես արել,
Բլբուլի հետ լալ ես արել,
Բարկ երեսիդ խալ ես արել,
Խա՛լ ես արել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Դարդս ասեմ` լացեն սարեր,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Սայաթ-Նովուն խելքից հանիր,
Խելքից հա՛նիր:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն: |